IPBES. տարածաշրջանային երիտասարդական սեմինար

Նոյեմբերի 6-10-ը, Գերմանիայի Վիլմ կղզում տեղի է ունեցել կազմակերպված տարածաշրջանային երիտասարդական սեմինար՝ ուղղված

IPBES (Intergovernmental Science-Policy Platform for Biodiversity and Ecosystem Services) գործընթացներում սկսնակ մասնագետների և երիտասարդ բնապահպանների ներգրավմանը:

Երիտասարդական սեմինարը համախմբել էր կենսաբազմազանությամբ, էկոհամակարգային ծառայություններով և բնության պահպանությամբ հետաքրքրված 25 մասնակիցների Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, Կովկասից և Կենտրոնական Ասիայից: Գործընթացի մասնակից է ընտրվել նաև մեր կազմակերպության երիտասարդական խմբի ավագ Մանե Մկրտչյանը։

Ծրագրի շրջանակում նա հնարավորություն է ունեցել ներկայացնելու ՀԻՄԿ ՀԿ-ն, կիսվել հատկապես էկահամակարգերի պահպանության ու էկոհամակարգային ծառայությունների գնահատման ուղղությամբ երիտասարդների հետ մեր ծրագրերի մասին տեղեկություններով։ Մանեն նշել է նաև, թե ինչ նշանակություն և կարևորություն ունի մեր կազմակերպությունն իր հասարակական գործունեության մեջ:

«Ծրագիրի ընթացքում ունեցանք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար բնության ապագայի տեսլականի վերաբերյալ ինտերակտիվ աշխատարաններ: Նախօրոք կիսվել էինք մեր երկրներում կիրառվող բնահենք լուծումների մասին տեղեկությունով, իսկ աշխատարանների ընթացքում ծավալեցինք այդ գաղափարներն ու նախաձեռնությունները, որոնք ավելի արդար, բարեկեցիկ և կայուն ապագա ձևավորելու ներուժ ունեն»,- պատմում է Մանեն:

 

Սեմինարի երկրորդ կարևոր թեման IPBES-ի գործունեության, դրա գործընթացների ու արդյունքների ներկայացումն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցության հնարավորությունները:

«Սա լավ հնարավորություն էր նոր գիտելիք, ծանոթություններ և ընկերներ ձեռք բերելու համար»:

Վստահ ենք, որ IPBES-ի հետ համագործակցությունը շարունակական կլինի և մենք կկարողանանք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն բնության պահպանության։