Էկոհամակարգերի վերականգնման կարևորությունը
Էկոհամակարգը բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Օրգանիզմների և դրանք շրջապատող ոչ օրգանական բաղադրիչների ողջ միասնությունը, որում հնարավոր է իրականացնել նյութի շրջապտույտը, անվանում են էկոլոգիական համակարգ կամ էկոհամակարգ:
Էկոհամակարգերի վերականգնումը հնարավորություն է տալիս կանգնեցնել էկոհամակարգերի դեգրադացիան, բարձրացնել էկոհամակարգային ծառայությունների որակը և վերականգնել կենսաբազմազանությունը:
Էկոհամակարգերը՝ անտառներից մինչև գյուղատնտեսական հողահանդակներ, լեռնային և օվկիանոսային, բնական և փոփոխված էկոհամակարգեր, հանդիսանում են էկոլոգիական, տնտեսական և սոցիալական բարիքների աղբյուր, որոնք միասին կոչվում են էկոհամակարգային ծառայություններ: Էկոհամակարգերի բազմազանությունը և կենսաբազմազանությունը կարևոր դեր են խաղում կլիմայի փոփոխությանը ադապտացվելու և դրա հետևանքները մեղմելու առումով:
Մյուս կողմից էկոհամակարգերը և դրանց կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունները ենթակա են կրճատման և դեգրադացիայի, որն անուղղակիորեն ազդում է մարդկանց և բնության վրա: 2015-ից 2020 թվականը անտառների մակերեսը տարեկան կրճատվել է 10 մլն հա-ով, օվկիանոսային էկոհամակարգերի ավելի քան 2/3-ը ամբողջ աշխարհում վնասված, դեգրադացված է կամ տեսակափոխված: Գլոբալ առումով, կենսաբազմազանության դեգրադացիայի վառ օրինակ է Կարմիր գիրքը, որտեղ ներառված են 8400 անհետացման եզրին գտնվող տեսակներ և 30000 վտանգված տեսակներ: Այս ամենն ազդում է էկոհամակարգային ծառայությունների հոսքի վրա: Տնտեսական տեսակետից, եթե շարունակվի էկոհամակարգային ծառայությունների հոսքի նվազումը, ապա ըստ գնահատումների 2050 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 10 տրլն ԱՄՆ դոլլարով:
Մարդկությանն անհրաժեշտ են առողջ և արդյունավետ էկոհամակարգեր, որպեսզի օգտվենք դրանց կողմից մատուցվող բազմազան և բազմատեսակ էկոլոգիական, տնտեսական և սոցիալական բարիքներից: Համաձայն գնահատականների, կենդանի օրգանիզմների անհետացման եզրին գտնվող տեսակների 60 տոկոսին հնարավոր կլիներ վերականգնել, եթե վերափոխված հողերի 15 տոկոսը վերականգնվեր: Բացի այդ, չխաթարված էկոհամակարգերի պահպանության և դեգրադացված էկոհամակարգերի վերականգնման համար բավարար կլիներ մինչև 2030 թվականը իրականացվող կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման ուղղված միջոցառումների 1/3-ը իրականացնելով:
Ամբողջ աշխարհում ավելանում են էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնումից ստացվող էկոլոգիական, տնտեսական և սոցիալական օգուտների օրինակները: ԱՄՆ-ում, Ալաբամա նահանգի մերձափնյա շրջաններում ծովափնյա խութերի վերականգնումը հանգեցրել է ափերին ալիքների բարձրության նվազման և էներգիայի ծախսի մինչև 91 տոկոս կրճատման, ավելացել են ձկնային պաշարները և ծովամթերքների որակը: Էկոհամակարգերի վերականգնման գլոբալ նախաձեռնություններից հիշարժան է «Կանաչ Մեծ պատի» ստեղծման նախաձեռնությունը Աֆրիկայի Սախելի գոտում, որի նպատակն է 100 մլն հա դեգրադացված հողերի վերականգնումը Սախելի գոտում: Տեղական նախաձեռնություններից, փոքրամասշտաբ ծառատունկերից մինչև գլոբալ ծրագրեր, բոլորն էլ կարևոր են էկոհամակարգերի և կենսաբազմազանության վերականգնման համար:
Գորիկ Ավետիսյան
Աշխ. գիտ. թեկնածու
Նյութը պատրաստվել է «Կլիմայադիմակայուն Կուրթան ծրագրի շրջանակում», որն իրականացնում են Կուրթանի միջնակարգ դպրոցը՝ ՀԻՄԿ ՀԿ-ն հետ համագործակցությամբ։
«Կլիմայադիմակայուն Կուրթան» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ֊ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում` Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի» երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ֊ի հետ։