Դաշտամիջյան քամապաշտպան անտառաշերտերի բնապահպանական և սոցիալ-տնտնեսական կարևորությունը

Կլիմայի փոփոխության հետևանքով օդի ջերմաստիճանի բարձրացումը, մթնոլորտային տեղումների և ոռոգման ջրի պաշարների նվազումը, երաշտի, քամիների և խորշակների հաճախականության մեծացումը, պահանջում են երկարաժամկետ կայուն ազդեցություն ունեցող և համեմատաբար ոչ ծախսատար ագրոմելիորատիվ համակարգերի կիրառում: Ագրոանտառտնտեսությունը հողային ռեսուրսների կառավարման մոտեցում է, որն ունի բազմաթիվ առավելություններ: Մի կողմից ագրոանտառի հիմնումը օժանդակում է ընտրված տարածքում կլիմայի փոփոխությունների նկատմամբ լեռնային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացմանը և կլիմայական ռիսկերի մեղմման ու ածխածնի կլանման ունակության բարձրացմանը, մյուս կողմից՝ նպաստում է համայնքի սոցիալ–տնտեսական վիճակի բարելավմանը։ Առավել հանրամատչելի ներկայացմամբ, ագրոանտառը գյուղատնտեսության և ծառերի (անտառ) համադրությունն է։

Ագրոանտառի հիմնման հիմնական եղանակը գյուղատնտեսական հողատարածքների երկայնքով դաշտապաշտպան և քամապաշտպան անտառաշերտերի հիմնումն է։ Ստեղծվող անտառաշերտը նպաստում է գյուղատնտեսական հողատարածքում աճեցվող մշակաբույսերի աճին և բերքատվության բարձրացմանը։ Վերջիններս նվազեցնում են քամու արագությունը, ձյունը պահում են դաշտում, մեծացնում են հողի խոնավությունը, բարելավում են միկրոկլիման, ցանքերը պաշտպանում են երաշտից և նպաստում բերքատվության բարձրացմանը: Բազմամյա դիտարկումները ցույց են տվել, որ դաշտապաշտպան անտառաշերտերի առկայության պայմաններում, բաց տեղանքի դաշտերի համեմատությամբ մշակաբույսերի բերքատվությունը բարձրանում է 10-25%-ով: Գյուղատնտեսական մշակաբույսերի, ծառերի, թփերի ճիշտ համակցության, անտառաշերտի շարքերի օպտիմալ հեռավորության ապահովման դեպքում բարքտվության աճը կարող է հասնել մինչև +75%:
Դաշտապաշտպան անտառաշերտերը հիմնվում են մինչև 15 մետր ընդհանուր լայնությամբ 3-4 շարք ծառատնկումով: Կախված ծառերի տեսակից կարելի է կիրառել 2.5-4 մ միջշարքային և 2-3 մ միջբուսային հեռավորությամբ սխեման: Տեղանքի առանձնահատկությունից կախված յուրաքանչյուր դաշտապաշտպան անտառաշերտ կարող է ձգվել դաշտի լայնքով 200-600 մ և երկարությամբ՝ 1000-1200 մ: Գյուղատնտեսական տեխնիկայի և փոխադրամիջոցների համար թողնվում են 10-15 մ լայնությամբ միջանցքներ: Եթե բերքահավաքից հետո տարածքը օգտագործվում է անասունների արածեցման համար, ուրեմն միջանցքների լայնությունը կարելի է հասցնել մինչև 20-25 մ-ի: Ծառատեսակներից նախապատվությունը տրվում է ավելի սաղարթախիտ ծառերին (դեկորատիվ ծառատեսակներից՝ արագաճ բարդիներ, չնայած առավել նախընտրելի են տեղական սորտերը, օրինակ, սպիտակ բարդի, հաճարենի, թխկի և այլն, պտղատուներից՝ խնձորենի, սալորենի, տանձենի, կեռասենի և այլն): Կիրառվում է ծառատնկումների այնպիսի սխեմա, որի դեպքում քամու ներթափանցումը դժվարանում է: Ծառատեսակների շարքերի արանքում թփատեսակների շարքեր են ներդրվում, որը դժվարացնում է քամու ներթափանցումը գետնից մինչև ծառերի սաղարթը ընկած տարածքով։

ՀՀ-ի գյուղացիական տնտեսությունների հողակտորները փոքր են և համեմատաբար մեծ մակերես ունեցող տարածքի վրա հողօգտագործների և սեփականատերերի թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Ուստի շահառուների համաձայնությամբ անտառաշերտերի համար կարող են օգտագործվել նաև տվյալ բնակլիմայական պայմաններին լավ հարմարված պտղատու ծառատեսակներ՝ հետագայում բերքը առանձին հողօգտագործողների միջև բաժանելու պայմանով:
ՀՀ-ի համար առաջարկվում է դաշտապաշտպան անտառաշերտի հետևյալ տեսակաշարը` բարդի կանադական (Populus deltoids Marsh.), հացի սովորական(Fraxinus caucasica Fed.), ընկուզենի հունական (Juglans regia L.), տանձենի կովկասյան (Pyrus caucasica Fed.), խնձորենի արևելյան (Malus orientalis Uglitzk.), սովորական սալորենի(Prunus divaricata), սալորենի փշոտ(Prunus spinosa), բալենի սովորական(Cerasus vulgaris Mill), կեռասենի (Cerasus avium Moench), մոշենի սովորական(Rubus caesius L), մասրենի սովորական (Rosa canina L.), ակացիա դեղին (Caragana arborescens Lam.)։

Հայաստանում դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնադրման հիմնական խոչընդոտը գյուղացիական հողատարածքների մասնատվածությունն է։ Հողի սեփականաշնորհումից հետո և նախորդ դարի 90-ական թվականների էներգետիկ ճգնաժամի զանգվածային ծառահատումների պատճառով հիմնականում անտառաշերտերը վերացել են: Բացի դրանից, 1992-1993 թթ. հողի հապճեպ և զանգվածային սեփականաշնորհման արդյունքում ձևավորվել են ավելի քան 140 հազար ընտանեկան գյուղացիական տնտեսություններ, որոնց սեփականության իրավունքով պատկանող հողակտորի միջին չափը 1,4 հա է: Դրա հետ մեկտեղ, քանի որ յուրաքանչյուր տնտեսություն համայնքի վարչական տարածքի տարբեր հատվածներում ունի 2-3 հողամաս, ստացվում է, որ հողակտորների ընդհանուր թիվը անցնում է 1,2 միլիոնից, որոնց միջին չափը կազմում է մոտ 0,5 հա, որից վարելահողերը՝ 0,39 հա: Այսինքն, ՀՀ համայնքների վարչական տարածքում միջին հաշվով յուրաքանչյուր 100 հա վարելահողը բաժանված է ավելի քան 256 հողօգտագործողների միջև: Դաշտերի երկկողմանի պաշտպանության դեպքում, այս 256 շահառուներից ոչ բոլորի հողակտորներն է ամբողջովին սահմանակից անտառաշերտին: Ուստի անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել անտառա-շերտին հատկացվող տարածքի սեփականատիրոջը պատճառած վնասի փոխհատուցման պայմանները: Դա կարող է կատարվել ինչպես արժեքային, այնպես էլ բնեղեն ձևով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր գյուղատնտեսական գոտիներում դաշտապաշտպան անտառաշերտերի վրա ծախսված 1 դրամը ապահովում է 10-30 դրամ փոխհատուցում: Այդուհանդերձ, անտառաշերտերի հիմնադրման ակտիվությունը բացակայում է, որը բացատրվում է տեխնիկա-տնտեսական պատճառներով և մասնագիտական խորհրդատվության բացակայությամբ: Իհարկե, դաշտապաշտպան անտառաշերտերն ավելի բարձր արդյունք են տալիս զանգվածային ցանքատարածքներում: Հայաստանի պայմաններում այդպիսի տարածքները համեմատաբար սահմանափակ են: Եթե զանգվածային ընդունենք 5 հա-ից ավել տարածություն ունեցող վարելահողերը, ապա դրանց ընդհանուր տարածքը կկազմի մոտ 90 հազ. հա։

Բացի տնտեսական արդյունավետությունից, դաշտապաշտպան անտառաշերտերն ապահովում են՝ բնապահպանական արդյունավետություն ի հաշիվ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, ածխածնի կլանման ունակության բարձրացման, քամու, էրոզիայի և խոնավության կորստի կանխման, ինչպես նաև սոցիալական արդյունավետություն, քանի որ ձևավորվում է գեղատեսիլ լանդշաֆտ, առողջարար մթնոլորտ և հանգստի գոտի: Ծառերը նաև հանդիսանում են կենսական բնակմիջավայր կենդանական աշխարհի համար։ Այնտեղ բնակվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներով սնվող տեսակներ, որոնք կարգավորում են այդ վնասատուների թվաքանակը՝ կրճատելով հողօգտագործների կողմից թունաքիմիկատների օգտագործումը։ Դաշտապաշտպան անտառաշերտերը էկոհամակարգը դարձնում են ավելի բազմազան ու կայուն կլիմայի փոփոխության, բնական տարերային երևույթների նկատմամբ։

Հայաստանում դաշտապաշտպան անտառաշերտերի բնապահպանական հիմնական օգուտները հետևյալն են՝
• Թեք լանջերի, դարավանդների վրա՝ հակաէրոզիոն նշանակություն
• Գետերի ափերին՝ ափապաշտպան
• Լանջերի կայունացում՝ հակասողանքային նշանակություն

Հայաստանում դաշտապաշտպան անտառաշերտեր հիմնվել են խորհրդային տարիներին՝ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններում, որոնք մասամբ պահպանվել են:

Դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնման մեծ հնարավորություններ կան Սիսիանի, Վարդենիսի, Ապարանի տարածաշրջաններում՝ հաշվի առնելով ռելիեֆի փոքր մասնատվածությունը, ոչ մեծթեքությունները և զանգվածային ցանքատարածությունների առկայությունը:

 

Գորիկ Ավետիսյան

Աշխ. գիտ. թեկնածու

Նյութը պատրաստվել է «Կլիմայադիմակայուն Կուրթան ծրագրի շրջանակում», որն իրականացնում են Կուրթանի միջնակարգ դպրոցը՝ ՀԻՄԿ ՀԿ-ն հետ համագործակցությամբ։

«Կլիմայադիմակայուն Կուրթան» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ֊ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում` Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի» երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ֊ի հետ։