Դպրոցների կանաչապատման նշանակությունը կլիմայի փոփոխությանը դիմակայելու տեսանկյունից:

         Բնակավայրերի կանաչ գոտիների համակարգում կարևոր բաժին են կազմում դպրոցների տարածքների կանաչ տնկարկները, որոնք ըստ գործառնական նշանակության մտնում են սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մեջ (ՀՀ կառավարության 2018 թվականի  փետրվարի 8-ի N 108-Ն որոշում ):

Դպրոցի տարածքում կանաչ տարածքների մասնաբաժինը պետք է լինի առնվազն 40%, նախադպրոցական հաստատությունների դեպքում` առնվազն 50%՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ  30-02-2022 «Տարածքի բարեկարգում» ՀՀ շինարարական նորմերի:

Վերը նշված նորմերով սահմանված է ծառերի և թփերի առավելագույն քանակը 1 հա կանաչապատ տարածքում: Դպրոցների դեպքում 1 հա-ում պետք է լինի 140-180 ծառ և 560-720 թուփ,  նախադպրոցական հաստատությունների տարածքում՝ 160-200 ծառ և 640-800 թուփ:

Տնկվող ծառերի տեսակային կազմը ևս կարևոր է։ Ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018 թվականի  փետրվարի 8-ի N 108-Ն որոշման հավելվածով հաստատված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներով: Նախադպրոցական հաստատությունների և դպրոցների տարածքների կանաչապատման ժամանակ չի թույլատրվում թունավոր պտուղներով բույսերի կիրառումը:  Նախադպրոցական տարիքի համար նախատեսված հարթակներում չի թույլատրվում բույսերի փշոտ տեսակների կիրառումը (ՀՀՇՆ  30-02-2022):

Դպրոցների տարածքում խաղահրապարակները ցանկալի է պաշտպանել քամուց և դրա համար կիրառել բնահենք լուծումներ: Արագաճ ծառատեսակներով և պատնեշային թփապատմամբ անհրաժեշտ է սահմանազատել այդ տարածքները: Դպրոցի տարածքում անհրաժեշտ է իրականացնել ֆունկցիոնալ կանաչապատում գիտահեն լուծումներով` կանաչ տարածքների միջոցով ստեղծելով միկրոկլիմայական և սանիտարա-հիգիենիկ բարենպաստ պայմաններ: Եթե դպրոցի տարածքը սահմանակից է ճանապարհի, ապա տրանսպորտային աղտոտիչների մուտքը դպրոցի տարածք կանխելու համար պետք է բորդյուրային թփաշերտ

ով կենդանի ցանկապատ ստեղծել, իսկ ավելի ներս ընկած հատվածներում մի քանի շարահարկով տնկել փոշեկլանիչ, աղտոտման նկատմամբ կայուն ծառատեսակներ:

Դպրոցների կանաչ տարածքների պահպանությունը խնդրահարույց է, քանի որ շատ դպրոցներում չկան համապատասխան հաստիքներ կանաչ տարածքների մասնագիտական խնամքի ապահովման համար: Անհրաժեշտ է տարբեր տարիքային խմբերի աշակերտներից կազմավորել էկոակմբներ և աշակերտներին ևս ներգրավել դպրոցի կանաչ տարածքի խնամքի և պահպանության, ծառատնկման աշխատանքներում: Դա կանաչ տարածքների պահպանության հետ մեկտեղ նաև սովորողների մոտ կձևավորի էկոլոգիական գիտակցություն, կկրի ճանաչողական բնույթ:

Առողջապահական տեսակետից հատկապես կարևոր է դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տարածքում տնկել փշատերև ծառատեսակներ, իհարկե եթե միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են տվյալ տեսակի համար:

Շատ դպրոցներում կանաչ տարածքների ոռոգման համար չկա աշխատող ոռոգման ցանց կամ ոռոգման ջրամատակարարումը բավարար չէ: Դա հատկապես սրվում է կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների կրճատման, ջերմաստիճանային աճի ֆոնին: Դպրոցների տարածքներում ծառատունկ անելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ հանգամանքը և տնկել չորադիմացկուն, ջրի նկատմամբ քիչ պահանջկոտ ծառեր և թփեր: Անհրաժեշտ է ներդնել ջրախնայող տեխնոլոգիաներ՝ կաթիլային, ցնցուղային ոռոգման համակարգեր, հնարավորինս ավտոմատացնել ոռոգման համակարգերը՝ կրճատելու համար ջրի կորուստները: Դպրոցներին հատկացվող միջոցների մեջ պետք է ներառվեն նաև կանաչ տարածքների պահպանության համար նախատեսված միջոցներ, համապատասխան հաստիքներ, իրականացվեն ոռոգման համակարգերի անցկացման, վերանորոգման աշխատանքներ:

 

Գորիկ Ավետիսյան

Աշխ. գիտ. թեկնածու

 

Նյութը պատրաստվել է «Կլիմայադիմակայուն Կուրթան ծրագրի շրջանակում», որն իրականացնում են Կուրթանի միջնակարգ դպրոցը՝  ՀԻՄԿ ՀԿ-ն հետ համագործակցությամբ։

 

«Կլիմայադիմակայուն Կուրթան» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ֊ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում` Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի» երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ֊ի հետ։