Էկոհամակարգերի վերականգնման սոցիալ-էկոլոգիական և տնտեսական օգուտները

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր Բնության պահպանության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով Երկրի անտառները ապաստան են երկկենցաղների մոտ 80%-ի, թռչնատեսակների 75%-ի և կաթնասունների բոլոր տեսակների 68%-ի համար: Քաղցրահամ ջրերի համակարգերը բնադրավայր են ողնաշարավորների մոտ 1/3-ի և  աշխարհին հայտնի բոլոր տեսակների 10%-ի համար: Լեռնային էկոհամակարգերում են գտնվում  կենսաբազմազանության  պահպանության համար կարևոր կետերի ուղիղ կեսը… Այս բազմազան էկոհամակարգերը մեզ տրամադրում են էկոհամակարգային մի շարք կարևոր ծառայություններ՝ սկսած կենսաբազմազանությունից, կլիմայի փոփոխության հարմարվողականությունից և մեղմացումից մինչև աջակցություն տնտեսությանը, մարդու առողջությանը և էկոլոգիական անվտանգությանը:

Այսուհանդերձ, այս էկոհամակարգերն ու դրանց էկոհամակարգային ծառայություններ մատուցելու կարողությունը խաթարվում է՝ դեգրադացիայի և ոչնչացման պատճառով, ինչն ուղղակի ազդեցություն է թողնում մարդկանց և բնության վրա: Ըստ կենտրոնի հաշվարկների 2015-ից 2020 թվականների ընթացքում մենք տարեկան կորցրել ենք շուրջ 10 միլիոն հեկտար անտառներ, համաշխարհային օվկիանոսի էկոհամակարգերի ավելի քան երկու երրորդը վնասված է, դեգրադացված կամ փոփոխված: Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառել է ավելի քան 8400 ծայրահեղ վտանգված և մոտ 30 000 վտանգված կամ խոցելի տեսակ:

Էկոհամակարգերի և տեսակների կորուստն իր հերթին հանգեցնում է մարդկանց և բնության պոտենցիալ օգուտների կորստի: Տնտեսական տեսանկյունից գնահատվում է, որ մինչև 2050 թվականը համաշխարհային ՀՆԱ-ի 10 տրլնը կարող է կորսվել, եթե էկոհամակարգային ծառայությունները շարունակեն նվազել:

Թերևս այս տվյալներն են հիմք հանդիսացել, որպեսզի կարևորվի էկոհամակարգերի պահպանությունն ու վերականգնումը: Կայուն զարգացման նպատակներից (ԿԶՆ) 15-րդը նվիրված է «ցամաքային էկոհամակարգերի պաշտպանությանը, վերականգնմանը և խթանմանը, անտառների կայուն կառավարմանը, անապատացման դեմ պայքարին, հողերի դեգրադացիայի և կենսաբազմազանության կորստի կասեցմանը և հակադարձմանը»:

Էկոհամակարգերի վերականգնումը կարող է օգուտ տալ ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ տնտեսությանը և հասարակությանը։ Վերականգնման վրա ծախսված յուրաքանչյուր միավորի դիմաց միջին հաշվով կարելի է ակնկալել առնվազն ինն անգամ ավելի տնտեսական օգուտ։ Էկոհամակարգեր

ի առողջությունը կարևոր պայման է հանրային առողջության համար, ինչպես նաև ԿԶՆ-ներին հասնելու համար:

2020 թվականին, գիտակցելով ամբողջ աշխարհում էկոհամակարգերի դեգրադացումը կանխելու, կասեցնելու և ետ բերելու անհրաժեշտությունն՝ ի շահ մարդկանց և բնության, կառավարությունները միացան ՄԱԿ-ի նախաձեռնությանը և 2021-ից մինչև  2030 թվականը հռչակվեց էկոհամակարգերի վերականգնման տասնամյակ:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ համահիմնադիր Մարի Չաքրյանն ասում է. «Էկոհամակարգերի վերականգնումը կենսաբազմազանության կորուստը կանխելու և էկոհամակարգերի  ծառայություններ մատուցելու պոտենցիալը բարելավելու լավագույն միջոցն են: Էկոհամակարգերի վերականգնման նախաձեռնությունները նաև լավ առիթ են պետական մարմինների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ու տեղական համայնքների ուժերը մեկտեղելու և մարդ-բնություն հարաբերությունները համատեղ վերականգնելու համար»:

Էկոհամակարգերի վերականգնման միջոցով ԿԶՆ-ին հասնելու ճանապարհը նա նորովի է ընկալել՝ մասնակցելով Դրեզդենի համալսարանի Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական հետազոտությունների կենտրոնի (CIPSEM) Էկոհամակարգերի վերականգնումը ԿԶՆ-ների համար UNEP/UNESCO/BMUV միջազգային SC87 դասընթացին։ ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և BMUV-ի կողմից նախաձեռնված այս հետբուհական վերապատրաստման ծրագիրը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանն իրականացնում է 1977

թվականից: Ծրագրի թիրախային խումբը զարգացող երկրների երիտասարդ բնապահպան մասնագետներն ու առաջնորդներն են, քանի որ հենց այս երկրներում են գտնվում կենսաբազմազանության թեժ կետերն ու այստեղ է, որ դրանք պահպանելու անհրաժեշտ կարողությունների էական պակաս կա:

Մարին դասընթացի ավարտին որպես էկոհամակարգի վերականգնման տեղական օրինակ ներկայացրել է «Խոր Վիրապ» ջրաճահճային տարածքի վերականգնումը: ցույց տվել դրա սոցիալ-էկոլոգիական օգուտները ու էկոհամակարգի ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը: Նրա կարծիքով նման օրինակների մասին պետք է ավելի շատ խոսվի, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ինչպես կարող է բնությունը շնորհակալ լինել և կարճ ժամանակահատվածում ցույց տալ իր ներուժը ոչ միայն կենսաբազմազանության պահպանության, այլև լրացուցիչ ծառայություններ մատուցելու առումով: