«Խոր Վիրապ» ճահճուտի կարևորությունը
«Խոր Վիրապ» պետական արգելավայրն ստեղծվել է 2007 թվականին՝ ՀՀ Կառավարության հունվարի 25-ի N 975-Ն որոշմամբ, 50.28 հա տարածքում։ Այն գտնվում է Արարատի մարզում՝ Փոքր Վեդի և Լուսառատ բնակավայրերի հարևանությամբ։
Այն ջրաճահճային տարածք է և ընդգրկված է «Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես` որպես ջրային թռչունների բնակավայր» Ռամսարի կոնվենցիայի միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։
Ճահճուտը կարևոր տարանցիկ տարածք է ավելի քան 100 տեսակի ջրային թռչունների համար: Այն բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, օրինակ՝ սովորական ջրասամույրի, որը որպես վտանգված տեսակ գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։
Տարիներ շարունակ, տարաբնույթ բնական ու անթրոպոգեն երևույթների հետևանքով «Խոր Վիրապ» ջրաճահճային էկոհամակարգը լիովին դեգրադացվել էր: Վիճակը կրիտիկական էր, երբ 2019 թվականին շրջակա միջավայրի նախարարությունն ու Կովկասի բնության հիմնադրամը (CNF), BirdLinks Հայաստան ՀԿ նախաձեռնությամբ հանձն առան համատեղ իրականացնելու բնության հատուկ պահպանվող տարածքի վերականգնման միջոցառումներ: Մոտ 1.5 հա տարածքում բնահեն լուծումներով ստեղծվեց կղզյակներով առանձնացված երեք ջրաճահճային տարածքներից բաղկացած համակարգ: 2017-2019 թվականների ու վերականգնման աշխատանքներից հետո՝ 2020–2021 թվականների դիտարկումների արդյունքում արձանագրվեց, որ ավելացել է տարածքում բնադրող ու չվող թռչունների քանակը: Բնադրող թռչնատեսակների թիվն ավելացել էր 30%-ով, իսկ չվող թռչնատեսակներինը՝ կրկնակի։
2024 թվականի ապրիլին կրկին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել մոտ 1 հա տարածքում, սակայն ջրաճահճային էկոհամակարգի լիարժեք վերակենդանացման համար անհրաժեշտ են համապատասխան միջամտություններ ավելի ընդարձակ տարածքում։
Էկոհամակարգի վերականգնումը համահունչ է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին (Բերնի) և «Աֆրիկյան-Եվրասիական չվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրերի նպատակներին։
Էկոհամակարգի ու դրա վերականգնման կարևորության հանրահռչակման, ինչպես նաև UNEP/UNESCO/BMUV միջազգային SC87 դասընթացի արդյունքները գործնականում կրառելու նպատակով, շրջակա միջավայրի նախարարության և CNF հետ համագործակցությամբ, կազմակերպվեց լրագրողների այց «Խոր Վիրապ» արգելավայր:
BirdLinks Հայաստան հասարակական կազմակերպության ղեկավար, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը միջոցառման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց էկոհամակարգի վերականգնման գործընթացը՝ առաջին ազդակներից մինչև ու ակնհայտ օրինակներ: Բացի թռչունների վերադարձից, այստեղ նաև մի շարք ջրասեր բույսեր են սկսել աճել, բնական ճանապարհով անգամ թփեր ու ծառատեսակներ են ծլել:
Տարածքը գրավիչ կարող է լինել թռչնադիտումների համար. այստեղ չուի ընթացքում կարելի է հանդիպել գանգրափետուր և վարդագույն հավալուսների, մոխրագույն սագի ու խայտաբղետ բադի, հիանալ մարմարյա մրտիմնով, տառեղով ու կռունկներով, տեսախցիկով կարելի է որսալ մարգագետնային մկնաճուռակ, Եվրոպական ճնճղաճուռակ, օձակեր արծիվ, սովորական մանրաբազե, կտցար-կաչաղակ կամ ճահճային բու, միշտ կարելի է լսել կկվի ձայնը: Տարածքում հանդիպող թռչուններից շատերը հազվագյուտ և անհետացող տեսակներ են:
Վերականգնված էկոհամակարգը նոր հնարավորություններ կարող է ստեղծել հարակից բնակավայրերի զարգացման համար: Ճահճուտի վերականգնման շնորհիվ կփոփոխվի նաև միկրոկլիման՝ դառնալով առավել մեղմ ու զով: Հավելյալ օգուտներ կարող են ստեղծվել ինքնահոս ոռոգում ապահովելու համար: Տարածքում կարելի է զարկ տալ գոմեշաբուծությանը: