Բուդապեշտում կայացավ «Ջուր և առողջություն» արձանագրության կողմերի Խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը
2025 թվականի նոյեմբերի 5-ից 7-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացավ «Ջուր և առողջություն» արանագրության կողմերի Խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունգարիայի կառավարության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (WHO/Europe) կողմից։
Հատկանշական է, որ նստաշրջանն այս տարի նշում էր նախաձեռնության 20-ամյակը։ «Ջուր և առողջություն» արձանագրությունը առաջին միջազգային համաձայնագիրն է իր ոլորտում, որը նպատակ ունի ապահովելու անվտանգ ջրի և համապատասխան սանիտարական ծառայությունների հավասար հասանելիություն, ինչպես նաև պաշտպանել մարդու առողջությունը՝ ջրային ռեսուրսների կառավարման բարելավման միջոցով։ Այն հանդիսանում է եզակի միջկառավարական հարթակ՝ ջրի, սանիտարական ծառայությունների, հիգիենայի (WASH) և առողջապահական նպատակների իրականացման համար ամբողջ Եվրոպայում։
Միջոցառման բացումը կայացավ նոյեմբերի 5-ին, որին մասնակցեցին տարածաշրջանի երկրների նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնակիցները ամփոփեցին ջրամատակարարման և սանիտարական ոլորտում երկու տասնամյակի ձեռքբերումները, քննարկեցին առկա մարտահրավերները և ծրագրեցին հետագա քայլերը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը, հանրային առողջությունը, արտակարգ իրավիճակները և շրջակա միջավայրի վատթարացումը։
Հանրային նստաշրջանը, որը տևեց նոյեմբերի 5–7-ը, նվիրված էր նախորդ նստաշրջանից հետո ձեռք բերված առաջընթացի դիտարկմանը և ապագա առաջնահերթությունների սահմանմանը։
Հիմնական թեմաներն էին՝ նպատակների սահմանումը և հաշվետվողականությունը, կլիմայական փոփոխություններին դիմակայելու զարգացումները, ջրամատակարարման և սանիտարական համակարգերի անվտանգ կառավարումը, փոքրածավալ ջրամատակարարումը և կոյուղաջրերի կառավարումը, ջրային հիվանդությունների կանխարգելումը, ջրի և սանիտարական ծառայությունների հավասար հասանելիությունը, ինչպես նաև WASH ծառայությունների զարգացումը հաստատություններում և հանրային վայրերում։

Նստաշրջանի ընթացքում ընդունվել են արձանագրության իրականացման ռազմավարությունը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակային ցուցանիշների համակարգը, ինչպես նաև 2026–2028 թվականների աշխատանքային ծրագիրը՝ ուշադրությունը կենտրոնացնելով ջրամատակարարման և սանիտարական ոլորտների դիմադրողականության ամրապնդման վրա։
Խորհրդաժողովին մասնակցել են նախաձեռնության կողմերի, այլ երկրների, միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակցության շրջանակն ընդգրկուն էր՝ ներգրավելով ինչպես առողջապահության, այնպես էլ ջրային և շրջակա միջավայրի ոլորտների մասնագետներին։
Հայաստանը պաշտոնական պատվիրակությամբ ներկայացված չէր։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը դեռ չի հանդիսանում նախաձեռնության Կողմ երկիր, քանի որ չի վավերացրել արձանագրությունը, միայն ստորագրել է։
Նստաշրջանին որպես քաղհասարակության ներկայացուցիչ մասնակցել է Տաթևիկ Լազարյանը՝ Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնի (Public Awareness and Monitoring Center NGO) փորձագետը:
