Երևանի օդի աղտոտումը ուսանողների ուշադրության կենտրոնում

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ակտիվ ուրբանիզացման գործընթացներով, տրանսպորտային միջոցների քանակական աճով, քաղաքաշինությամբ և արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներով պայմանավորված մթնոլորտային օդի աղտոտվածությունը դարձել է լուրջ մարտահրավեր:

Այս խնդրին անդրադարձել են ՀՀ բուհերի մի խումբ ուսանողներ, ովքեր իրականացրել են վերջին 5 տարիներին Երևան քաղաքի մթնոլորտային օդի աղտոտվածության ուսումնասիրություն կենտրոնանալով աղտոտման անտրոպոգեն աղբյուրների, դրանց ազդեցության, քաղաքային կանաչապատման գործընթացների արդյունավետության, ինչպես նաև ՏԻՄ մարմինների կողմից այդ ուղղությամբ տարվող նախաձեռնությունների վրա:

Վերջիններս, հիմնվելով բաց աղբյուրների, պաշտոնական տվյալների և պետական հաշվետվությունների վրա եկել են այն եզրահանգման, որ  Երևանի մթնոլորտային  օդում հաճախ նկատվում են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից այնպիսի միջազգայնորեն ընդունված ցուցանիշների գերազանցումներ, ինչպիսիք են փոշու  կախյալ մասնիկները  (PM10 և PM2.5) և ազոտի երկօքսիդը (NO2): Բնակչության ավելացումը քաղաքում, ակտիվ շինարարությունը, արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունն ու տրանսպորտի աճը հանգեցրել են վնասակար արտանետումների շեշտակի աճի, ինչն է՛լ ավելի է վատթարացնում քաղաքի օդի որակը:

Աշխատանքների արդյունքները ամփոփվել են ինֆոգրաֆիկաներում, որտեղ ներկայացված են ամփոփված տվյալները՝ բացահայտելով Երևանի օդի որակի կտրուկ վատթարացումը, բնակչության աճը, կանաչապատ տարածքների կրճատումը, դրան հատկացվող ֆինանսավորման չափերն ու համեմատականը ՀՀ մյուս խոշոր քաղաքների հետ: Հաշվի առնելով աղտոտված օդի երկարատև ազդեցության բացասական հետևանքները հանրային առողջության վրա և դրա տնտեսական հետևանքները, ուսանողները հատկանշել են իրավիճակի շտկման անհրաժեշտությունը՝ համայնքաբնակների հետ համագործակցությամբ:


Այս հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել  Երևան քաղաքի համար ավելի կայուն և առողջ քաղաքային միջավայր ստեղծելուն ուղղված ապագա քաղաքային նախաձեռնություններ մշակելու և իրականացնելու համար: Հիմնվելով ձեռք բերված տվյալների վրա՝ քաղաքականություն մշակողները կարող են նախաձեռնել միջոցառումներ և նպատակային ծրագրեր, որոնք ուղղված են օդի աղտոտվածության հիմնական պատճառները վերացնելուն կամ դրանք սահմանափակելուն:

 

 

Հետազոտությունը կատարվել է  ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման մարմինների

ներդրման գնահատում կայուն զարգացման գործում» ծրագրի շրջանակներում