Սովորական սուրճի սեղանի շուրջ հարևաններով զրուցում են ոչ սովորական թեմայից՝ էներգիայից
-Սուրճի ջուրը էլեկտրական թեյնիկո՞վ եք եռացնում, թե՞ գազօջախի վրա։
Առաջին հայացքից սովորական այս հարցի պատասխանը կարող է շատ բան պատմել այդ տանը կամ համայնքում էներգիայի սպառման մշակույթի մասին։
«Սսովորական դարձած աշխատասենյակների փոխարեն համայնքի բնակիչների հետ հանդիպումներ ենք անցկացրել իրենց տանը, իրենց հարազատ միջավայրում ու «բամբասել» ենք էներգիային առնչվող հարցերի մասին: Պատկերացրեք, որ էներգիան խնայելու մասին թեմաները, հատկապես, թե գյուղում ով արևային ջրատաքացուցիչ ունի, ով է գոմաղբ այրում, ինչու, որտեղից և ինչպես ավելի էժան արևային ֆոտովոլտային կայաններ ձեռքբերել, շատ ավելի հետաքրքիր կարող են լինել, քան մյուս՝ բամբասանքի ավանդական թեմաները: Զրույցի ընթացքում բացահայտել ենք, թե ինչու են թաց փայտ այրում, ինչու է վառելիքի ձեռքբերումը կարտոֆիլ գնելուց կամ թթու դնելուց, այսինքն ձմռան նախապատրաստական մյուս հարցերի լուծումից հետո արվում, և այլն: Քննարկել ենք կնոջ ու տղամարդու դերերը: Կանայք նույնիսկ կիսվել են իրենց գաղտինքներով, թե ինչպես են կարողացել համոզել իրենց ամուսիններին՝ թեթևացնելու տաք ջրի ապահովման, ջեռուցման կամ այլ էներգիայի հետ կապված և կանանց ուսերին կախված հոգսերը», -ասում է ծրագրի համակարգող Ասյա Այվազյանը:
«էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում» ծրագրի շրջանակում 2021 թվականի փետրվարից մինչև ապրիլ ամիսների ընթացքում ծրագրի թիմը սուրճի սեղանի շուրջ էներգաարդյունավետության մասին զրույց-քննարկումներ է անցկացրել Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի 20 բնակավայրերում: Սրճազրույցներն առավելապես իրականացվել են գյուղական բնակավայրերում: Դրանց մասնակցել են 18-ից մինչև 70 տարեկան կանայք, բայց երբեմն զրույցն այնքան հետաքրիր է եղել, կամ գուցե սուրճը՝ համեղ, որ միացել են նաև տղամարդիկ: Սրճազրույցներից յուրաքանչյուրին միջինը մասնակցել է 7-10 հոգի:
Զրույցներն անցկացվել են էներգաարդյունավետության ամենատարբեր հարցերի շուրջ, մասնավորապես կենցաղում էներգիայի օգտագործման՝ ջեռուցման, կերակրի պատրաստման, ջուր տաքացնելու, այլ կենցաղային հարցերի լուծման ավանդական մեթոդների ու նորագույն լուծումների հնարավորությունների վերաբերյալ: Քննարկել են ֆինանսական միջոցների ճիշտ տնօրինման, առաջնահերթությունների սահմանման հարցերը:
Երբեմն, տարբեր հանգամանքերից ելնելով, հանդիպումներն անցկացվել են գյուղապետարաններում, բայց անգամ այս դեպքում պահպանվել է դրա ոչ ֆորմալ ձևաչափը և մասնակիցները անկաշկանդ արտահայտվել են, զարմացել, երբ օրինակ տեղեկացել են, որ անգամ նոր կենցաղային տեխնիկա ձեռքբերելիս կարելի է խնայողություն անել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչքան էներգիա է այն ծախսում:
Մասնակիցներից ոմանք խոստովանել են, որ թաց փայտը նախընտրում են քանի որ այն առավել երկար է այրվում: Մյուս մի քանի դեպքերում նշել են, որ թաց փայտը գիշերն են գցում վառարանի մեջ, որ մարմանդ այրվի ու ջերմություն ապահովի՝ հաշվի չառնելով դրանց հետևանքով առաջացող թունավոր ծխագազերը:
Շահառուները նշել են, որ իրենք ունեն խոշոր եղջերավոր անասուններ և մեծ քանակությամբ գոմաղբ, որը նպատակահարմար են գտնում որպես վառիք օգտագործելու համար: Այն կարող է բավականացնել մինչև 6 ամիս ջեռուցման և կենցաղային հարցերի լուծման համար: Նշել են, որ այդ դեպքում լրացուցիչ ծախս չեն անում, բացի այդ չունեն հնարավորություններ դրանք պահեստավորելու ու, օրինակ, կենսագազը կորղզելու հնարավորություն: Կամ տեղափոխման համար լրացուցիչ ծախսեր է պետք անել, որը նպատակահարմար չեն գտնում՝ ֆինանսների սղության պատճառով: Ախուրյանի գյուղերում օրինակ, որպես լուծում առանձին ջերմատուն են կառուցել, որտեղ գոմաղբը այրում են՝ օգտագործելով այն ջեռուցման համար որպես հիմնական վառելիք և այդ կերպ խուսափելով տան միջավայրում տհաճ հոտից: Սակայն նրանց մտքով չի անցել, որ այդ հոտը հենց թունավոր գազերի առկայության մասին է խոսում:
Զրույցների ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի ոչխարաբուծությամբ զբաղվող բնակավայրերում տարածված է նաև որպես վառելիք ոչխարների արգասիքների օգտագործումը, շահառուները նույնիսկ պնդել են, որ այն շատ արդյունավետ վառելիք է: Ծրագրի թիմի անդամները մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի օրինակներով, հիմնավորումներով ցույց տան, թե ինչքան վնասակար է նման վառելիքի կիրառումը հատկապես ընտանիքի տարեց անդամների ու մանկահասակ երեխաների համար:
Ամփոփելով, ծրագրի թիմը եկել է եզրահանգման, որ նմանատիպ հանդիպումները պետք է շարունակական լինեն, որ դրանց միջոցով տեղեւիոյթւոնն ավելի լավ է տպավորվում և հիշվում:
Բայց նաև զուգահեռաբար անհրաժեշտ են իրավական, սոցիալական, խրախուսման մեխանիզմներ, որպեսզի բնակիչները շահագրգիռ լինեն փոխարինելու գովաղբն առավել անվնաս այլընտրանքային վառելիքով:
Մի բան հաստատ է, խոսքից գործի անցնելու առաջին քայլը ավելի #էներգաիրազեկ դառնալն է։