Վերականգնվող էներգիան՝ կլիմայի փոփոխության կանխարգելման միջոց
Ներկայումս գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կլիմայի փոփոխությունը։ Այն կարող է պատճառ հանդիսանալ Երկիր մոլորակին սպառնացող վտանգների՝ ջրային ռեսուրսների ճգնաժամի, կենսաբազմազանության կորստի, էկոհամակարգերի քայքայման, նոր հիվանդությունների առաջացման և այլ ռիսկերի։ Այն նպաստում է նաև ծայրահեղ եղանակային երևույթների ՝ երաշտների, ցրտահարության, կարկտահարության, սելավների, ջրհեղեղների, ուժեղ քամիների, անտառային հրդեհների սրմանը։
1992թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ—ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում՝ Երկրի գագաթնաժողովում, մասնակից երկրները անհանգստացած լինելով որ մարդկության գործունեության արդյունքում տեղի են ունեցել մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության զգալի աճ, որը Երկիր մոլորակի մակերևույթի և մթնոլորտի լրացուցիչ տաքացման պատճառ է հանդիսանում և անբարենպաստ ազդեցություն է գործում բնական էկոհամակարգերի և համայն մարդկության վրա, ստորագրեցին Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, որն ուժի մեջ մտավ 1994թ. մարտի 21-ին: Ներկայումս կոնվենցիային արդեն միացել էին Եվրամիությունը և 189 երկիր՝ այդ թվում Հայաստանը։
Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող գործունեության թափանցիկությունը և մատչելիությունը ապահովելու նպատակով գործում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կլիմայի փոփոխության ծրագրերի տեղեկատվական կենտրոն , որը համակարգում է կլիմայի փոփոխությանն առնչվող տեղեկատվության հավաքագրումը և փոխանակումը, ինչպես նաև այդ տեղեկատվության հասանելիության ապահովումը տեղական և միջազգային գործընկերների համար:
Ժամանակակից պայմաններում բավականին հստակ ապացուցված է, որ կլիմայի փոփոխության հիմնական պատճառը հանածո վառելիքի՝ գազի, նավթի, թերթաքարի, տորֆի ածուխի և այլ վառելիքի այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։ Բացի այդ հանածո վառելիքը անսպառ չէ, նրա պաշարների վերականգնումը տևում է միլիոնավոր տարիներ, որի պատճառով մարդկության գործունեության և ընկալումների սահմաններում այն համարվում է չվերականգնվող ռեսուրս։
Կլիմայի վտանգավոր փոփոխությունների կանխարգելման, ինչպես նաև հանածո վառելիքի խնայման նպատակով տարբեր երկրներ արդեն անցում են կատարում վերականգնվող էներգիայի աղբյուրներին: Օրինակ՝ Արևային էլեկտրակայանների քանակը Եվրամիությունում կայուն կերպով աճում է։ 2019 թվականին տեղադրվել է երկու անգամ ավել կայան, քան 2018-ին՝ 16,7 ԳՎտ համեմատ նախորդ 8,2 ԳՎտ-ի։
Այլընտրանքային էներգիայի աղբյուր կարող է հանդիսանալ ոչ արևը, այլ նաև շատ այլ երևույթներից առաջացող էներգիան, օրինակ՝ մարդկանց քայլերից, հրաբուխից, ջրիմուռներից։ Այս մասին մանրմասն կից տեսանյութում՝
Վերականգնվող էներգիան (ՎԷ) կամ այլ կերպ ասած «Կանաչ էներգիան», ստացվում է այնպիսի բնական աղբյուրներից, որոնք մարդկության գործունեության և ընկալումների սահմաններում համարվում են անսպառ և անընդհատ վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են: ՎԷ-ն ստացվում է այնպիսի բնական աղբյուրներից, ինչպիսիք են՝ արևի լույսը, ջրային հոսքերը և ջերմությունը, մակընթացությունը, քամին, երկրագնդի ընդերքի ջերմությունը, կենսազանգվածը և այլն։
ՎԷ-ի ստացման հիմնական սկզբունքն այն է, որ այն կորզվում է շրջակա միջավայրում անընդհատ շարունակվող բնական գործընթացներից և ուղղորդվում է տեխնիկական կիրառության համար։
Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընթացքում գրեթե չեն առաջանում թափոններ և այն համարում է էկոլոգիապես համեմատաբար ավելի մաքուր և անվտանգ:
Կլիմայական փոփոխությունները և դրա արդյունք հանդիսացող արհավիրքները ստիպեցին բոլորին նորովի արժևորել մեր մոլորակը և նրա «առողջությունը»։ 2020 թ. Սեպտեմբերի 7-ին, ամբողջ աշխարհն առաջին անգամ նշեց և այսուհետ այդ օրը նշելու է, որպես «Մաքուր օդ կապույտ երկնքի համար» միջազգային օր։ ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի կողմից պատրաստված այս սոցիալական հոլովակը ապացուցում է, թե ինչպես է վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը փոխում օդի որակը, հետևաբար նաև Երկիր մոլորակը։
Ի թիվս վերականգնվող էներգիայի մի շարք այլ առավելությունների, կարևորվում է բնական էկոհամակարգերի վրա մարդածին ճնշման և մարդու առողջության վրա արտանետումների բացասական ազդեցությունների նվազեցումը։
Հայաստանի Հանրապետությունն ունի վերականգնվող էներգիայի զգալի ներուժ և դրա օգտագործման համար բավականին բարենպաստ բնակլիմայական պայմաններ։ Առավել բարձր են արեգակնային էներգիայի, հողմաէներգետիկ պաշարների, ջրային էներգապաշարների, երկրաջերմային էներգապաշարների, կենսազանգվածի էներգետիկ ռեսուրսների ներուժը։ Թվարկված պաշարների օգտագործմամբ հասանելի տեխնոլոգաները արդեն իսկ լայն կիրառություն են ստանում Հայաստանում։
Մեր երկրում այլընտրանքային, այդ թվում նաև վերականգնվող էներգիայի մասին է պատմում լրագրող Գևորգ Ավչյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» խորագրով մեդիապատումը։