Ընդհանուր հասկացություն վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին

Վերականգնվող էներգիան (ՎԷ) կամ այլ կերպ ասած «Կանաչ էներգիան», ստացվում է այնպիսի բնական աղբյուրներից, որոնք մարդկության գործունեության և ընկալումների սահմաններում համարվում են անսպառ և անընդհատ վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են: ՎԷ-ն ստացվում է այնպիսի բնական աղբյուրներից, ինչպիսիք են՝ արևի լույսը, ջրային հոսքերը և ջերմությունը,  մակընթացությունը, քամին, երկրագնդի ընդերքի ջերմությունը, կենսազանգվածը և այլն։ Համաձայն որոշ գնահատականների, Արեգակը Երկրին տալիս է մոտ 15000 անգամ ավելի շատ էներգիա,  քան օգտագործվում է ողջ մարդկության կողմից, իսկ հողմնային էներգիայով հնարավոր է արտադրել մարդկության ներկայիս էներգապահանջարկից 15 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա:

ՎԷ-ի ստացման հիմնական սկզբունքն այն է, որ այն կորզվում է շրջական միջավայրում անընդհատ շարունակվող բնական գործընթացներից և ուղղորդվում է տեխնիկական կիրառության համար։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընթացքում գրեթե չեն առաջանում թափոններ և այն համարում է էկոլոգիապես համեմատաբար ավելի մաքուր և անվտանգ:

Էներգիայի վերականգնվող աղբյուրներից էներգակիրների և էներգիայի ստացման ոլորտն անվանում են Վերականգնվող էներգետիկա:

Էներգիայի սպառվող աղբյուրներից են երկրի ընդերքից հանվող օգտակար հանածոները՝ նավթը, բնական գազը, քարածուխը, թերթաքարը, տորֆը և այլն: Բնական պայմաններում սրանց պաշարները նույնպես վերականգնվում են, բայց դա տեղի է ունենում միլիոնավոր տարիների ընթացքում, ինչը մարդկության գործունեության և ընկալումների տեսանկյունից համարվում է չվերականգնվող։

ՎԷ-ի ներուժը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունն ունի վերականգնվող էներգիայի զգալի ներուժ և դրա օգտագործման համար բավականին բարենպաստ բնակլիմայական պայմաններ։

Արեգակնային էներգիայի ներուժը Հայաստանում բավականին բարձր է՝ 1 քառ․ մետր հորիզոնական մակերևույթի վրա ընկնող արեգակնային էներգիայի ճառագայթման միջին բազմամյա տարեկան գումարային արժեքը կազմում է 1720 կՎտժ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդում՝ 1850 կՎտժ (համեմատության համար նշենք, որ այս միջին ցուցանիշը Եվրոպայում կազմում է մոտ 1000 կՎտժ)։ Բացի այդ, արևափայլի տարեկան միջին տևողությունը Հայաստանում կազմում է 2500 ժամ։

Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների տնտեսապես շահավետ ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ՝ 1,26 մլրդ. կվտժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքով: Հողմաըներգետիկայի զարգացման հեռանկարային տեղանքներ են համարվում` Զոդի, Սևանի, Պուշկինի, Քարախաչի, Ջաջուռի լեռնանցքները, Ապարանի և Մեղրիի շրջանները, Գեղամա լեռները, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին։

Հայաստանում ջրային էներգապաշարների ներուժը կազմում է 21,8 մլրդ կՎտ.ժ, այդ թվում՝ խոշոր և միջին գետերինը՝ 18,6 մլրդ կՎտ.ժ, իսկ փոքր գետերինը՝ 3,2 մլրդ կՎտ.ժ: Առավելագույն էներգետիկ ներուժով օժտված գետերն են՝ Արաքսը, Հրազդանը, Որոտանը և Դեբեդը:

Հայաստանում Երկրաջերմային էներգապաշարների ներուժը գնահատվում է շատ բարձր (մոտ 584 ՊՋոուլ), բայց դեռևս անհրաժեշտություն կա այդ պաշարների լրացուցիչ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և դրանց օգտագործման տեխնոլոգիաների հստակեցման։

Հայաստանում կենսազանգվածի էներգետիկ ռեսուրսների ներուժը բավականին բարձր է գնահատվում՝ հզորությունը 29 — 30 ՄՎտ, իսկ արտադրությունը 228-230 ԳՎտժ/ տարի:

Վերականգնվող էներգիայի օգտագործման առավելությունները

  • Վերականգնվող էներգիայի ստացման աղբյուրները հասանելի են բոլորին,
  • դրանք գործնականում անսպառ են և համեմատաբար անվտանգ,
  • կան վերականգնվող էներգիայի օգտագործման հուսալի և փորձված տեխնոլոգիաներ,
  • նվազում է կախվածությունը ներկրվող էներգակիրներից,
  • բարելավվում է էներգահամակարգերի բազմազանությունը,
  • ստեղծվում են նոր աշխատատեղեր և խթանվում է տեղական տնտեսական զարգացումը,
  • բնակչությունը դառնում է էներգիա արտադրող, այլ ոչ թե միայն սպառող,
  • խթանվում է նորարարությունը և ավելանում է երկրի էներգետիկ ներուժը,
  • խնայվում են բնական պաշարները,
  • նվազում է մարդածին ճնշումը բնական էկոհամակարգերի վրա,
  • նվազում է արտանետումների բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա։

ՎԷ-ի օգտագործման հասանելի տեխնոլոգիաները և հիմնական ուղղությունները

Արեգակնային էներգիայի օգտագործմամբ սովորաբար ստանում են ջերմային կամ էլեկտրական էներգիա։ Առավել տարածված և հասանելի տեխնոլոգիաներից են՝ արևային ջրատաքացուցիչները, օդատաքացուցիչները և լուսաէլետրական փոխակերպիչները (Ֆոտովոլտային էլեկտրակայան, PV)։ Կան նաև արեգակնային էներգիայի օգտագործման այլ տեխնոլոգիաներ՝ ծովի ջրի աղազերծման և խմելու ջուր ստանալու, մետաղների ձուլման վառարանների գործունեությունը ապահովելու և այլն։

Քամու էներգիան ներկայումս մեծամասամբ օգտագործվում է հողմատուրբինների միջոցով էլեկտրաէներգիա ստանալու համար, չնայած որոշ երկրներում դեռևս շարունակում են քամու էներգիան օգտագործել պտտական մեխանիկական շարժում ստանալու համար։

Ջրի հոսքի էներգիան հիմնականում օգտագործվում է հիդրոտուրբինների օգնությամբ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Հայաստանում ներկայումս գործող ամենամեծ հիդրոէլեկտրակայաններն են` Սևան-Հրազդան (գումարային հզորությունը 559,4 ՄՎտ) և Որոտան ՀԷԿ-երի (405,4 ՄՎտ) կասկադային համալիրները:

Երկրաջերմային էներգետիկան հնարավորություն է տալիս ջերմային կամ էլեկտրական էներգիան ստանալ Երկրագնդի ընդերքի ջերմության հաշվին: Ներկայումս այն հիմնականում կիրառվում է տարբեր շենք-շինությունների ջեռուցման ապահովման կամ արդյունաբերական ծավալներով էլեկտրաէներգիայի արտադրության համար: Այն տնտեսապես ձեռնտու է, հատկապես այն շրջաններում, որտեղ ընդերքի տաք ջրերը մոտ են Երկրի մակերեսային շերտին։ Երկրաջերմային էներգիան կիրառվում է ջերմային պոմպերի միջոցով, որոնք ըստ գործունեության սկզբունքի կարող են լինել՝ օդ-ջուր, ջուր-ջուր, բնահող-ջուր և այլ տիպերի։

Կենսազանգվածի էներգիան օգտագործելու համար կենսաբանական թափոններից ստանում են կենսավառելիք, որը կարող է լինել երեք հիմնական տիպի՝ կոշտ, հեղուկ և գազային։ Կենսազանգվածի էներգիան օգտագործում են ջերմային կամ էլեկտրական էներգիա ստանալու նպատակով։

Կոշտ կենսավառելիքը պատրաստում են գյուղատնտեսական և անտառտնտեսական տարբեր թափոններից և մնացորդներից դրանց չորացման և խտացման միջոցով, պատրաստելով կենսավառելիքային բրիկետներ կամ վառելիքային հատիկներ (պելետներ)։

Հեղուկ կենսավառելիքը կամ բիոդիզելը ստանում են տեխնիկական մշակաբույսերից ստացված յուղերը միատոմ սպիրտների հետ եթերացնելու միջոցով։ Հիմնականում օգտագործում են որպես նավթային վառելանյութերի փոխարինիչներ։

Կենսագազը անաէրոբ միկրոօրգանիզմների օգնությամբ կենսազանգվածի ջրածնային կամ մեթանային խմորման միջոցով ստացվող գազ է, որը բաղկացած է հիմնականում մեթանից և որոշ այլ գազերի խառնուրդից։ Կենսագազի ստացման համար պատրաստում են հատուկ տեղակայանքներ։

Վերականգնվող էներգիան նաև կլիմայի փոփոխության կանխարգելման կարևորագույն միջոցներից է։ Կլիմայի վրա վերականգնվող էներգիայի դրական ազդեցության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։