Հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը

Կլիմայի գլոբալ փոփոխությունը և դրա բացասական հետևանքները մարդու բարեկեցության և տնտեսության զարգացման վրա հայտնվել են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Այսօր արդեն կլիմայի փոփոխությունը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլև վերածվում է տնտեսական և ընդհանուր առմամբ երկրի կայուն զարգացման խնդրի, քանի որ այն ազդում է տնտեսության տարբեր ճյուղերի վրա:

Կլիմայի փոփոխությունը ներկայումս կապվում է մարդու գործունեության ու դրա հետևանքով «ջերմոցային էֆեկտի» ակտիվացման հետ:

Իսկ ի՞նչ ենք հասկանում «ջերմոցային էֆեկտ» ասելով։ Գոյություն ունեն բազմաթիվ ջերմոցային գազեր, ինչպիսիք են ածխածնի երկօքսիդը, մեթանը, ազոտի ենթօքսիդը և այլն, նույնիսկ ջրային գոլորշին է ջերմոցային գազ:

 

Այս գազերը  թույլատրում են արևի ճառագայթների ներթափանցումը մթնոլորտի միջով դեպի Երկիր, բայց խոչընդոտում են անդրադարձվող ճառագայթմանը, ինչպես նաև Երկրի սեփական ինֆրակարմիր ճառագայթմանը,  ինչպես դա տեղի է ունենում ջերմոցում:

Առանց ջերմոցային գազերի Երկրագնդի ջերմաստիճանն ավելի ցածր կլիներ, քան ներկայում է: Գիտնականները հաշվարկել են, որ մոլորակի ջերմաստիճանը այդ դեպքում 33օC ավելի ցածր կլիներ և ներկա տարեկան միջին մակերեսային 15 օC  աստիճանի փոխարեն կդիտվեր -18 օC :

Այսպիսով «Ջերմոցային էֆեկտը» մթնոլորտի բնական գործընթաց է, որը պահպանում է Երկրի վրա Արեգակից ստացած էներգիայի որոշ մասը՝ խոչընդոտելով դրա արագ վերադարձին տիեզերք։ «Ջերմոցային էֆեկտ»-ը պատճառ է հանդիսանում մթնոլորտային օդի և երկրի մակերևույթի տաքացման, որի հետևանքով տեղի է ունենում կլիմայի գլոբալ փոփոխություն: Գիտնականները կանխատեսում են միջին ջերմաստիճանի 3-4 օC բարձրացում, որը կհանգեցնի բազմամյա սառույցների հալմանը և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը։

Կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է հանգեցնել լուրջ աղետների և մարդկային հասարակության խոցելիության աստիճանի բարձրացման: Կլիմայի փոփոխության հետևանքներն են էկոհամակարգերի դեգրադացիան, բնական պաշարների և ջրային ռեսուրսների նվազումը, պարենամթերքի սակավությունը և այլն:

Կլիմայի փոփոխությունն ազդում է բոլոր երկրների և քաղաքների վրա՝ որոշակի տարածաշրջանային և տեղական տարբերություններով: Եղանակային ծայրահեղ պայմանների նկատմամբ, մասնավորապես՝ մեծ ջրհեղեղներ, ջերմային ալիքներ, կարկուտ, ցրտահարություն, փոթորիկ և այլն, խոցելի են թե′ քաղաքային, թե′ գյուղական տարածքները։  Մարդկությունն անզոր է «վերացնելու» կլիմայի փոփոխությունը, այդ է պատճառը, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով իրականացվում են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության գործողություններ։ Մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված միասնական մոտեցումը շատ հնարավորություններ է ստեղծում: Հարմարվողականության արդյունավետ գործողությունները հաճախ օգնում են նվազեցնել ածխաթթու գազի արտանետումները՝ հիմնականում նվազեցնելով հետևանքների վերացման համար ընդհանուր ծախսերը, խնայելով բնական և մարդկային ռեսուրսները, ինչպես նաև խթանելով տնտեսական աճը:

 

Սիլվա Այվազյան

բնապահպանական գիտությունների մագիստրոս

 

Նյութը պատրաստվել է «Կլիմայադիմակայուն Կուրթան ծրագրի շրջանակում», որն իրականացնում են Կուրթանի միջնակարգ դպրոցը՝  ՀԻՄԿ ՀԿ-ն հետ համագործակցությամբ։

 

«Կլիմայադիմակայուն Կուրթան» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ֊ի «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում` Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ և «Դիլիջանի» երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ֊ի հետ։