Մաքուր խաղեր Երևանի բուսաբանական այգում

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կամավորները, Երևանի բուսաբանական այգու հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 24-ին անցկացրեցին «Մաքուր խաղեր» էկոկրթական միջոցառումը։
Կամավորները նախապես մասնակցել էին փորձի փոխանակման միջոցառումների՝ մայիսին՝ Սանկտ Պետերբուրգում և հուլիսին՝ Հրազդանում։ Այստեղ Հայաստանում խաղերի անցկացման գործընկեր «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն անցկացրել էր նաև փորձնական խաղ, որտեղ կազմակերպության կամավորները հնարավորություն էին ունեցել ծանոթանալու խաղի կազմակերպման նրբություններին ու խաղի բջջային հավելվածին։

Երևանում միջոցառումը կազմակերվեց Մաքրության Եվրասիական գավաթ մրցաշարի շրջանակում։ Մասնակցում էին 4 հոգանոց 8 թիմ։
Թիմերը նախ ծանոթացան խաղի կանոններին։ Մասնակցեցին վիկտորինայի, որից հետո մեկնարկեց խաղը։
Խաղի կանոնների համաձայն թիմերը պետք է աղբը հավաքեն տեսակավորված, այդ դեպքում նրանք ավելի շատ միավորներ են վաստակում։ Խոշոր աղբը, որը չի տեղավորվում աղբի տոպրակում, հանձնում են առանձին։ Խաղի շրջանակում իրականացվում է նաև հետաքրքիր գտածոների մրցույթ, որոնց վերաբերյալ մասնակիցները պետք է հետաքրքիր պատմություններ հորինեն՝ հնարավորինս արժևորելով իրենց գտածը։

Այս անգամ կազմակերպիչներն առանձին կատեգորիա էին սահմանել նաև ծխախոտի մնացորդների համար, որպեսզի մասնակիցները շահագրգիռ լինեն նաև դրանք հավաքելու։ Թեպետ բուսաբանական այգու աշխատակիցների ամենօրյա ջանքերի շնորհիվ դրանք այնքան էլ շատ չեն, այնուհանդերձ կան այգու տարածքում։

Առաջին հայացքից թվում էր, թե դժվար կլինի աղբ գնտել հանրային այս գեղեցիկ ու մաքուր վայրում։ Սակայն ցանկապատների երկայնքով, անբարեխիղճ անցորդների պատճառով, կամ այս դեպքում՝ շնորհիվ, աղբ գտնվեց։ Արդյունքում հավաքվեց շուրջ 350 կգ աղբ, որի 43 տոկոսը՝ տեսակավորված (պլաստիկ շշեր, ապակյա շշեր, մետաղյա ջարդոն և մարտկոցներ)։ Ընդհանուր՝ 47 պարկ։
Արդյունքում հավաքած միավորներով առաջին հորիզոնականում հայտնվեց Փոշեկուլներ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրեցին Երևանի հ․ 64 դպրոցի 6-րդ դասարանի տղաները, երրորդ տեղը՝ Այբ ավագ դպրոցի սաները։ Իսկ ահա լավագույն գտածոյի համար պարգևատրվեց Երևանի հ․ 45 դպրոցի 7-րդ դասարանի թիմը։

«Շատ եմ կարևորում նման միջոցառումների կազմակերպումը երեխաների մասնակցությամբ, քանի որ նրանք անմիջական մասնակից են դառնում շրջակա միջավայրի մաքրության։ Խաղային մոտիվներն իրենց ավելի են շահագրգռում մաքուր պահել բնությունը»,- Քրիստինե Տեր-Մաթևոսյան։

Խաղ-մրցույթը էկոկրթական և էկոդաստիարակչական նպատակ ունի։ Մասնակիցներն այն շատ հավանեցին և ցանկություն հայտնեցին կրկին մասնակցելու։